Ֆտորի մասին

shark

Ֆտորի մասին

Ֆտորի մասին

Աշխարհում վաճառվող ատամի մածուկների և ողողման հեղուկների ճնշող մեծամասնությունը պարունակում է ֆտոր։ Դա արվում է ատամների էմալը ամրացնելու և կարիեսի հետևանքով ատամնափութը (ծակերը) կանխելու համար։ Թեև ատամի էմալը ամենակարծր նյութն է մարդու մարմնում, ժամանակի ընթացքում այն ենթարկվում է մանրէների արտադրած թթվային ազդեցության և սկսում է քայքայվել։ Էմալը կազմող կալցիումի և ֆոսֆատի կորուստը լիովին չի վերականգնվում բնական եղանակով։ Ֆտորի բավարար առկայության դեպքում, այն միանում է մարդու թքի և էմալի մեջ առկա կալցիումի և ֆոսֆատի հետ, ատամի մակերեսին կազմելով ֆտորապատիտ (fluorapatite) կոչվող ապարը։
Այս նյութը շատ ավելի կարծր է և դիմացկուն թթվային միջավայրում, և դրա շնորհիվ ատամների էմալը դառնում է շատ ավելի ամուր։ Բնության մեջ ֆտորապատիտը առկա է օրինակ շնաձկների ատամներում, իսկ այս կենդանու համար ատամների ամրությունը ունի կենսական նշանակություն։
Ֆտորի օգտակարությունը ատամների առողջության համար ապացուցված է տասնամյակների գիտական աշխատանքով։ Այն թերևս ամենաուսումնասիրված ակտիվ նյութն է բերանի հիգիենայի ոլորտում։ Ատամնաբույժների ճնշող մեծամասնությունը խորհուրդ են տալիս օգտագործել ֆտորով ատամի մածուկ։ Օրինակ աշխարհի ամենաազդեցիկ Ամերիկյան Ատամնաբույժների Միությունը (ADA) իր պաշտոնական խորհուրդների ցանկի առաջին տեղում գրում է

“Մաքրել օրական երկու անգամ ֆտոր պարունակող ատամի մածուկով”*

Ինչպես մարդուն անհրաժեշտ բազմաթիվ այլ էլեմենտներ, ինչպիսիք են երկաթը, ցինկը և աղը, ֆտորը որոշակի քանակով հայտնվում է մարդու մարմնում խմելու ջրի և սննդի միջոցով։ Սակայն հաշվի առնելով 20-րդ դարի սկզբից մարդկանց սննդային կառուցվածքում շաքարի կտրուկ աճը և կարիեսի հիվանդության տարածումը՝ բնական աղբյուրների մեջ առկա ֆտորի քանակը դարձել է անբավարար։ Բացառություն են կազմում աշխարհի այն շրջանները որտեղ խմելու ջրի բնական աղբյուրներում պարունակվում է մեծ քանակով ֆտոր, օրինակ՝ հարավային Ասիայում և Աֆրիկայի որոշ երկրներում։
Շվեյցարական աղի մեջ բացի յոդից ավելացվում է նաև ֆտոր
Որոշ երկրներում պետական կարգավորումներով ֆտորը ավելացվում է խմելու ջրի մեջ (օրինակ ԱՄՆ որոշ նահանգներում): Իսկ Շվեցարիայում, որը կարելի է համարել ատամի հիգիենայի աշխարհի առաջատարներից մեկը, սննդային աղի մեջ բացի յոդից ավելացվում է նաև ֆտոր։ Հայտնի է սակայն, որ ֆտորը ավելի արդյունավետ է կարիեսի դեմ, եթե այն հնարավորինս երկար մնում է ատամների վրա, այլ ոչ թե ներս ընդունվում սննդի և ջրի հետ։
Ինչպես և մարդու մարմնին անհրաժեշտ ցանկացած էլեմենտ, ֆտորը նույնպես կարող է վնասակար լինել պահանջվող չափաքանակը զգալիորեն գերազանցելու դեպքում։ Օրինակ, չափից ավելի ընդունած վիտամինները կամ սեղանի աղը նույնպես դառնում են վնասակար օրգանիզմի համար։
Ի տարբերություն աղի, ֆտորի առավելագույն քանակը բոլոր տեսակի սպառողական ապրանքներում խիստ կարգավորված է։ Եվրոպական ստանդարտներով, որոնք նաև գործում են ԵԱՏՄ և հետևաբար Հայաստանում, ֆտորի առավելագույն պարունակությունը մածուկի մեջ սահմանված է 0,15% իսկ ողողման հեղուկների մեջ 0,05%։ Այս չափաքանակներով ֆտորի գերսպառում չի սպառնում՝ իհարկե մածուկը և հեղուկը ամեն անգամ կուլ չտալու պայմանով։**
Այսպիսով կարիեսի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը օրական  2 անգամ ֆտոր պարունակող մածուկով լավ ատամ մաքրելն է։ Հատկապես այն դեպքերում, երբ ունեք կարիեսի հակում (օրինակ մինչև 20 տարեկանը մեկից ավելի պլոմբ կամ մինչև 30 տարեկանը 2-ից ավելի), ցանկալի է նաև օրական 2 անգամ ֆտոր պարունակող հեղուկով ողողելը։ Ամեն դեպքում խորհրդակցեք Ձեր վստահելի ատամնաբույժի հետ։ Պարբերական ստուգումները անհրաժեշտ են կարիեսի վնասները վաղ շրջանում հայտնաբերելու համար։

** Քանի որ երեխաները մինչև 6 տարեկան տարիքը ունեն կուլ տալու ռեֆլեքս, նրանց պետք է օգտագործել մածուկի փոքր քանակ՝ մեկ փոքր սիսեռիկի չափով, կամ հատուկ մանկական մածուկ՝ ֆտորի ավելի ցածր պարունակությամբ

Amarol - արտադրված է Հայաստանում

Եվրոպական բարձրորակ բաղադրիչներով

ԳՏԵ’Ք ՄԵԶ ՍՈՑ. ԿԱՅՔԵՐՈՒՄ